Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Ժամանակակից գրականությունը ուշադրության իր պահանջն ունի»

«Ժամանակակից գրականությունը  ուշադրության իր պահանջն ունի»
22.12.2017 | 12:46

Հայաստանի գրողների միության նախագահ ԷԴՎԱՐԴ ՄԻԼԻՏՈՆՅԱՆԻ հետ զրուցել ենք գրական դաշտում առկա խնդիրների մասին: Հարցադրումները տարբեր են՝ ինչպե՞ս է գնահատվում գրողը մեր օրերում, ինչու՞ գիրքը չի հասնում ընթերցողին, ո՞րն է լավ կամ վատ գրականության չափորոշիչը, ո՞ր կետում է սկսվում ու ավարտվում պետության հոգածությունը:

-Գրողների միության գործառույթներին, առհասարակ, գրական իրողություններին ինչպե՞ս են արձագանքում լրատվամիջոցները, բավարար չափով լուսաբանու՞մ են, կա՞ հետաքրքրություն:
-Կարծում եմ՝ վերջին տարիներին ԶԼՄ-ները որոշակիորեն հետաքրքրվում են գրական միջոցառումներով: Ժամանակակից գրականության հանդեպ հետաքրքրությունը մեծացել է: Հիմա քչացել են այն լրագրողները, որ հանդիպելիս շուտասելուկի պես հարց էին տալիս՝ մենք ունե՞նք ժամանակակից գրականություն: Բայց երբ մի հայտնի գրող էր մահանում, գալիս էին, լուսաբանում, ասում, թե ինչեր է գրել: Իսկ եթե այդ գրողը կար, ինչպե՞ս էիք հարցնում՝ ունե՞նք ժամանակակից գրականություն:
Մենք սկսել ենք համագործակցել Հ1, Հ2 հեռուստաընկերությունների հետ, մամուլի հետ: Ընթերցողը հեռուստատեսությամբ, թերթերով, կայքերով կարիք ունի ծանոթանալու գրական միջավայրին, որքան էլ որ գրական մամուլը կատարում է այդ գործառույթը: Կարծում եմ՝ թերթի մասսայականությունը կարող է ապահովել նաև գրական էջը՝ գրողների հետ հարցազրույցները թարգմանական գրքերի, գրական որևէ իրողության մասին: Այնինչ, սակավ լրատվությունից զատ, բան չի արվում: Երբ օտարալեզու մի հայի գիրք որևէ լեզվով տպագրվում է, միանգամից մեր բոլոր լրատվամիջոցները ձայն ձայնի տված գովաբանում են, եթե հայ գրողի աշխատանքն է տպագրվում այդ նույն լեզվով, լռություն է: Գրողներին միջազգայնացնելուն ուղղված մեր աշխատանքներն ընդգրկում են Ռուսաստանը, Իրանը, Բելառուսը, Վրաստանը, Գերմանիան, Սլովակիան, Լեհաստանը և այլ երկրներ: Մենք հաճախ առաջարկում ենք տողացի թարգմանություններ, հրատարակչությունն ինքն է ընտրում՝ ում տպագրի, ում՝ ոչ:
-Այլ կերպ ասած՝ փորձ է արվում կապե՞ր ստեղծելու, գրողներին ներկայացնելու ուղիներ գտնելու և՛ ներսում, և՛ դրսու՞մ:
-Մեր աշխատանքը շաղկապվում է տարբեր կազմակերպությունների հետ` գրադարաններ, դպրոցներ, բուհեր, նախարարություններ, Երևանի և հայաստանյան խոշոր ու փոքր քաղաքների քաղաքապետարաններ, Հայ առաքելական եկեղեցի, դեսպանատներ: Պետք է առանձնացնեմ նաև համագործակցությունը ստեղծագործական միությունների հետ՝ կոմպոզիտորների, ճարտարապետների, նկարիչների: Բազմաճյուղ, ամենօրյա աշխատանք է իրականացվում: Այս ամենին գումարվում են սոցիալական հարցերը: Գրողների միությունը աշխարհում, երևի թե, եզակի միությունն է, որ իր անդամներին անվճար ապահովում է ստեղծագործական հանգիստ Ծաղկաձորի, Սևանի ստեղծագործական հանգստյան տներում, բժշկական որոշակի ծառայություններից օգտվելու հնարավորություն (փոխհամաձայնագիր ունենք «Մեդլայն» համաբուժարանի հետ):
-Վերջին շրջանում հայաստանյան հրատարակիչները ոչ միայն տպագրում, այլև հանրահռչակում են գրողին, նրա գրքերը, տարատեսակ միջոցառումներ են կազմակերպում: Կարելի՞ է ասել, որ գրահրատարակչական մրցակցային դաշտ է ձևավորվում:
-Մրցակցությունը առողջ երևույթ է: Ես հրատարակիչների հետ երկար տարիներ աշխատել եմ, մեծամտություն չլինի, հրատարակչական դաշտի ընդարձակման գործում որոշակի մասնակցություն եմ ունեցել նաև ինքս՝ որպես այդ դաշտի նախկին ղեկավարներից մեկը: Բնականաբար, ուրախալի է, որ ակտիվացել է դաշտը: Հրատարակվող հեղինակները մեծ մասամբ մեր միության անդամներն են: Գուցե իրենք չեն խոսում այդ մասին, սակայն մինչև անցյալ տարի գրքերը հիմնականում տպագրում էին պետպատվերով և պետական աջակցությամբ: Ժամանակակիցները դուրս մնացին այդ ծրագրերից, պետպատվերով և պետական աջակցությամբ տպագրվում են հիմնականում ալբոմային գրքեր, հազվադեպ՝ դասական գրականություն: Բայց մեր խնդիրը ժամանակակից գրականությունը ներկայացնելն է: Հրատարակիչներից մեկ-երկուսը իրենց հնարավորությունների սահմաններում պայմանագրեր են կնքել գրողների հետ՝ ստանձնել նրանց տպագրելու պարտավորությունը: Աստված տա, կատարեն (որովհետև երբեմն ավելի շատ խոսում են, քան գործում) և գրական դաշտը մաքուր մրցակցության մեջ պահեն, ոչ թե՝ նեղմիտ, երբ ով ինչ անում է, համարում է ամենալավը: Չէի ցանկանա, որ այս դաշտը արհեստականորեն նեղացվեր, վերջում էլ մենաշնորհի ենթարկվեր:
-Կար մի շրջան, երբ անխնա քարկոծվում էին միությունները, նրանց լինել-չլինելու հարցն էր առաջ քաշվում: Հիմա քննադատությունները մարել են, բայց ոչ թե դրական վերաբերմունքի արդյունքում, այլ անտեսելու, չկարևորելու:
-Հիմքից սկսենք: Սա հասարակական կազմակերպություն է, որևէ մեկը իրավասու՞ է ասելու՝ այսինչ կազմակերպությունը պետք է լինի, թե չլինի: Էլ ժողովրդավարությունն ու՞ր մնաց: Եթե դուք որևէ մեկի իրավունքին դիպչեք, դատի կտա, ու՜ր մնաց մի ամբողջ հասարակական կազմակերպության խնդիրների մեջ մտնես և որոշես՝ դա պիտի լինի, թե չլինի: Միությունը կարգավորում է իր անդամների սոցիալական, իրավական, ստեղծագործական հարցերը: Գրողների տանը գրողը կարող է ներկայացնել իր գիրքը, հանդիպել ընթերցողի ու գրչընկերների հետ: ՈՒր գնա, պիտի ասեն՝ վճարիր: Հիմա դա՞ էլ վերացնենք, երբ որևէ բանից այսօր գրողը զուրկ է: Մեր աչքի առաջ աջակցությունից էլ զրկվեց: Փոխարենն ի՞նչ ենք առաջարկում:
-Փոխարենն ասում են՝ գրողը պետք է ավելի լավ գրի, որ հետաքրքիր լինի և՛ հրատարակչին, և՛ ընթերցողին:
-Ասում են՝ պետք է լա՞վ գրի, եթե ասողը գրականագետ է, պիտի հարց տրվի՝ ո՞ր գրքի մասին ես գրել, քննադատել, որ թույլ գիրք է: Ո՞վ է որոշում լավն ու վատը: Դրանք բառեր են, որոնցից ամեն մեկը ծանր աշխատանք է պահանջում, վերլուծություն, քննարկում: Անգամ Վահան Տերյանի մուտքը հեշտ չի եղել, ճիշտ է, ասում են՝ առաջին գրքով հայտնի դարձավ, բայց հետագայում քննադատվել է: Թումանյանի, Չարենցի մասին ինչեր են գրվել, մեր դասականների կյանքը հեշտ չի եղել, ամեն մեկը մի բարդ կյանք է անցել: Պետական որոշակի հոգածություն պետք է լինի: Եթե թատրոնին օգնում են, գիտությանը օգնում են, կինոյի համար վճարում են, լա՛վ, ժամանակակից գրականությունը ի՞նչ մեղք է գործել:
-«Բուքֆեստ» ունեցանք: Գրական տոն, մրցույթ, գրողին աջակցելու այլընտրանքային եղանակ:
-«Բուքֆեստ» փառատոնն այսօրվա վիճակով դժվար թե փակի բացը: Թեև լավ է, որ եղավ:
-Շա՞տ են պակասել հայ հեղինակների գրքերը՝ լավ, թե վատ:
-Իհարկե, գրողները հիմնականում հրատարակվում էին այդ ծրագրով: Տարեկան մոտ 60 գրող է հրատարակվել՝ պոեզիա, արձակ, մանկական գրականություն, թարգմանություն, մասամբ՝ գրականագիտություն: Չեմ կարծում՝ պատրաստ են այդքան գրողի հրատարակելու, երբ մեկենասության մասին օրենք չունենք, հիմնադրամներ չունենք, աջակցության որևէ ծրագիր չունենք:
Մենք ուզում են իմանալ՝ պետությունը գրողի, ստեղծագործողի առաջխաղացման համար որևէ ձևով պե՞տք է իր ներկայությունը ցույց տա, թե՞ ոչ, որևէ պարտավորություն ունի՞ ընթերցանությունը խթանելու: Խնդիրը միայն գիրք տպագրելը չէ, գրողի հանրահռչակում, միջազգային հանդիպումներ, շփում, թարգմանական ծրագրեր են պետք: Որևէ հայ դեսպան փորձու՞մ է արտասահմանյան ստեղծագործական միությանը ներկայացնել հայ գրողին: Հարյուրավոր այդպիսի միություններ կան: Մենք բոլորս պետք է ինչ-որ չափով աշխատենք: Հատկապես փոքր երկրները, եթե լեզվի պահպանման, գրականության, մշակույթի զարգացման խնդիրները չդնեն իրենց առաջ, ապա իրենցով որևէ երկիր չի զբաղվի: Մեր ընթերցողների թիվը քիչ է, մենք այսօր չենք կարող գիրք հրատարակել, որը տասնյակհազարավոր տպաքանակ ունենա, գրողը հոնորար ստանա, հրատարակիչն ինքը օգտաշատ գործ անի: Եթե դու տպագրում ես, ասենք, 500 օրինակ գիրք, գրողն էլ հոնորար չի ստանում և այլն, և այլն, դրանով ազգային գրականությու՞ն ես զարգացնում: Հրատարակիչներին ինչ-որ առումով ձեռնտու է այս վիճակը, որովհետև այդ գրողը իր դուռն է գնալու, հովանավոր է գտնելու, որ գիրքը տպագրի: Հատուկենտ հրատարակիչներ գումար կներդնեն, գիրք կհրատարակեն՝ նախապես իմանալով, որ այդ գիրքը լավ չի վաճառվելու:
-Եթե գիրքը չի վաճառվելու, ընթերցողին չի հասնելու, ի՞նչ իմաստ ունի դրա հրատարակումը:
-ՈՒրեմն, պետությունը պետք է մեխանիզմները ճիշտ լարի, գրադարաններ կան, քարոզչամիջոցներ կան, դպրոցներ, բուհեր: Աշխարհի շատ երկրներում գրադարանները գնում են գրողների գրքերը: Տարբեր երկրների փորձից գիտեմ՝ քաղաքապետարանի նախաձեռնությամբ գրողը տարվա ընթացքում պարտավորվում է որոշակի թվով հանդիպում ունենալ դպրոցներում: Եվ գրողի ամեն հանդիպում (լինի դպրոցում, գրադարանում, բուհերում) վճարվում է: Դա աշխատանք է, չէ՞: Մեզ մոտ դպրոցները նման խնդիր չունեն, իրենց դասացանկերում դա չկա, վճարման մեխանիզմներ չկան: Միայն դասագրքի բանաստեղծությունը կարդալով չպետք է սահմանափակվի երեխայի առնչությունը գրականության հետ: Գերմանիայում ուսուցիչը պարտավորվում է երեխաներին, ծնողներին ուղղորդել՝ ամսագրեր, գրքեր կարդալու: Սա լավ գրականության քարոզչություն է: Բուհերում գրողները դասընթացներ են վարում: Մեր բուհերում հատուկենտ են հանդիպումներ լինում գրողների հետ, այնինչ, անհրաժեշտ է, որ ուսանողը առնչվի ժամանակակից գրողին, լսի նրա կարծիքը, խոհերը, գրողն իր հերթին իմանա, թե ինչ է մտածում ընթերցողը, ինչ հարցեր ունի կամ չունի: Իմ ուսանելու տարիներին՝ 70-ականներին, համալսարանում գրական ստուդիա կար, մեր այսօրվա հայտնի անունների հիմնական մասը այդ ստուդիայի ուսանող էր՝ Հովհաննես Գրիգորյան, Սամվել Կոսյան, Վառլեն Ալեքսանյան: Հանդիպումներ էին կազմակերպվում, քննարկումներ, հետևում էինք գրական մամուլին: Եթե «Գարունում» մի լավ բանաստեղծություն էր տպագրվում, բոլորն իմանում էին: Դա գրական ընթացք էր, որ օժանդակում էր գրող-հասարակություն կապին:
-Գրող-ընթերցող կապն ամրապնդելու ի՞նչ ճանապարհ եք առաջարկում:
-Ինչպես զրույցի սկզբում նշեցի՝ փորձում ենք լրատվամիջոցների հետ կապերն ամրապնդել, քարոզել այսօրվա գրականությունը, որ գոնե ճանաչեն իրենց կողքին ապրող գրողներին: Ես ամեն ամիս դպրոցներում հանդիպումներ եմ կազմակերպում, երեխաները զարմանում են, որ գրողն ապրում է, կարծում են՝ դասագրքերում միայն մահացած գրողների գործեր են ներկայացված: Ապրող հեղինակին դժվա՞ր է հրավիրել, դաս անցկացնել: Երեխաներին դա հետաքրքրում է, ոգեշնչում, իրենք էլ են ուզում գրել, առնչվել արվեստին: Ի վերջո, ընթերցողների մեծ մասը որտե՞ղ է, որտե՞ղ պետք է թրծվի նրա ճաշակը ՝ դպրոցներում, բուհերում, գրադարաններում: Այսօրվա գրականությունը ընթերցողից որոշակի պատրաստվածություն է պահանջում՝ պարզ, ողորկ գրականություն չէ: Եթե պատրաստ չլինես, չես ընկալի: Այս առումով, մենք գիրք նվիրելու օրվա և մանկական գրքի շաբաթվա շրջանակներում դպրոցներում կազմակերպում ենք հանդիպումներ գրողների հետ: Տարեցտարի ավելանում են այդ հանդիպումները: Ե՛վ դպրոցն է շահում, և՛ գրողը: Սպասում ենք, որ Սփյուռքն էլ հիշի հին օրերը և հրավիրի գրողին, ճանաչի նրան, գրողն էլ ծանոթանա Սփյուռքի խնդիրներին:


Զրույցը՝ Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ

Դիտվել է՝ 4541

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ